Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցով նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով: Սակայն նիստը, որում ակնկալվում է Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, արդեն երկու անգամ հետաձգվել է:
Պապոյանը հայտնել է, որ հայկական կողմը նոր ռազմավարություն է որդեգրել. Հայաստանը մտադիր է դիմել Եվրասիական դատարան՝ հարցի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
«Այնտեղ կա երկու մեխանիզմ, երբ դիմում ես դատարան որպես բողոք և որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին», — ասաց նա:
Հարցին՝ այդ կարծիքը ներկայացնելու են նիստի՞ն, Պապոյանը պատասխանեց. «Անպայման, այն կուժեղացնի մեր որոշումը»: