Ամարասից հետո որ վայրը կընտրի Ադրբեջանն իր նոր շոուի համար, ցույց կտա ժամանակը. Ավանեսով

կողմից admin2

«Արցախի Հանրապետության տարածքի ճարտարապետական բոլոր հուշարձանները գտնվում են ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «ՅՈւՆԵՍԿՕ Արմենիա» ՀԿ-ի պատվավոր խորհրդի անդամ Հովիկ Ավանեսովը։

Ըստ նրա, վերջին օրերին Ադրբեջանի ալբանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից Ամարասի վանական համալիր այցն Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը խեղաթյուրելու, վերաիմաստավորելու և յուրացնելու համակարգված քաղաքականության ևս մեկ դրսևորում է։

Հ. Ավանեսովի խոսքով, Ամարասը Արցախի կարևոր պատմաճարտարապետական հուշարձաններից է, հիմնադրման պահից եղել է ոչ միայն կարևոր հոգևոր կենտրոն, այլ դարեր շարունակ կարևոր կրթական դերակատարություն է ունեցել տարածաշրջանի համար, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցներից մեկը բացել է հենց Ամարասի վանական համալիրի տարածքում։ Նա ընդգծեց, որ վանական համալիրի պատմական կապը հայկական հոգևոր ավանդույթի, մշակույթի և Արցախում հայերի դարավոր պատմական ներկայության հետ հաստատվում է պատմական աղբյուրներով, գիտական ​​հետազոտություններով և նյութական ապացույցների հարստությամբ. «Այս պատմական իրականությունը չի կարող փոփոխվել քարոզչական հրապարակումներով, քաղաքական դրդապատճառներով այցելություններով կամ արհեստականորեն ստեղծված մեկնաբանություններով»։

Ավանեսովը նշեց, որ դեռևս 1950-60-ականներին թվականներին, երբ սկսվել էր Ադրբեջանի կողմից պատմամշակութային ժառանգության աղվանականացման քաղաքականությունը, որը մինչ օրս իրականացվում է արդեն պետական բարձր մակարդակով, Ամարասն առաջին վանական համալիրներից մեկն էր, որը որպես աղվանական էր ներկայացվել, ինչպես նաև Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրները։

«2000-ականներից սկսած աղվանաուդիական ներկայացվող հուշարձանների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով Հայաստանի տարածքը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի տարածքում հայկական տարբեր ճարտարապետական հայկական հուշարձաններ»,- ասաց նա։

Ավանեսովն ընդգծեց, որ հայկական հուշարձանները, թեև ադրբեջանցիների կողմից ներկայացվում են աղվանական, սակայն զերծ չեն ոչնչացումից, պղծումից, վանդալիզմի ենթարկվելուց. «Վառ ապացույց՝ Ջուղայի խաչքարերը, Նախիջևանի ժառանգությունը, Արցախում արձանագրված վանադալիզմի դեպքերն ու ոչնչացված փաստերը. Ծիծեռնավանքում ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը՝ նույն աղվանաուդիական համայնքի ներկայացուցիչների այնտեղ կատարած այցի և կազմակերպած շոու-ներկայացման մասնակիցների կողմից, Հադրութի եկեղեցիները, Շուշիի Կանաչ ժամը՝ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը մերթ ներկայացվում էր ուղղափառ, մերթ աղվանական, հիմնահատակ ավերվել է, ինչպես նաև այլ եկեղեցիներ, խաչքարեր»։

«Այսինքն, Արցախի պատմամշակութային ժառանգությունը, անկախ կառուցման ժամանակահատվածի, ինչ ծագումնաբանություն է վերագրվում, ոչնչացման, վերացման վտանգի տակ է։ Ամարասից հետո թե որ վայրը կընտրի Ադրբեջանը իր հերթական շոուն կազմակերպելու համար, ցույց կտա ժամանակը»,- ասաց նա։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենն ընդգծեց, որ Ամարասը ադրբեջանական քարոզչության օբյեկտ չէ. «Հայկական մշակութային ժառանգությունը չի կարող յուրացվել, վերանվանվել կամ զրկվել իր պատմական ինքնությունից քաղաքական մանիպուլյացիաների միջոցով։ Պատմական ճշմարտությունը չի ենթարկվում քաղաքական թելադրանքի»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode