ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հարցին, թե արդյոք գործող իշխանությունը երաշխավորում է, որ իր պաշտոնավարման ընթացքում Տիգրանաշենը չի հանձնվելու։
Ռուբինյանը հայտարարել է, որ կարող է երաշխավորել միայն այն, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, և դա իշխանության համար «լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ» է։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանի հարցին։
Նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, ինչի մասին ավելի վաղ Փաշինյանն էլ էր ասել։ Ռուբինյանը շեշտեց, որ ամեն դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։
