«ԹՐԻՓՓ նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։ Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ»,- հայտարարեց Փաշինյանը:
«Ինչո՞ւ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները խուսափում Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո: Իսկ ՌԴ-ի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին ստիպում են խուսափել, ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատել»,- շեշտեց վարչապետը: