Իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հարցում իշխանության համար կարևոր գործոն է եղել հանձնաժողովի գործող նախագահ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։ Իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ տարբերակներից մեկը եղել է այն, որ հանձնաժողովի ղեկավարումը շարունակի մնալ իշխանության ձեռքում, իսկ Ղալումյանը հանձնաժողովում պահպանի առանցքային դերակատարություն՝ այդ թվում՝ փոխնախագահի կարգավիճակով։
Հատկանշական է, որ նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանձնաժողովի նախագահի պաշտոնում երկու թեկնածու էր առաջադրել՝ նախ Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։ Սակայն երկու թեկնածուներն էլ չընտրվեցին։
Իշխանական պատգամավորները թեկնածուներին չընտրելու պատճառը ներկայացրեցին որպես սկզբունքային մոտեցում։ Նրանց պնդմամբ՝ թե՛ Ղազինյանի, թե՛ Յոլյանի նկատմամբ առկա են քրեական վարույթներ, և իշխանությունը նման իրավիճակում գտնվող թեկնածուների օգտին չի պատրաստվում քվեարկել։ Սակայն այս հիմնավորման ֆոնին ուշագրավ է մեկ այլ հանգամանք. «Ուժեղ Հայաստանը» երկրորդ անհաջող փորձից հետո երրորդ թեկնածուի առաջադրմանը, ըստ ամենայնի, չի գնացել։
Ուշագրավ է նաև այն, որ Հայկ Ղալումյանը տարիներ շարունակ ղեկավարում է այս հանձնաժողովը և հատկապես ակտիվանում է խորհրդարանում ծեծկռտուքների ժամանակ։
Փաստացի ստացվում է՝ իշխանությունը պաշտոնապես խոսում է թեկնածուների նկատմամբ քրեական վարույթների առկայության և նրանց չընտրելու սկզբունքի մասին, սակայն իրականում պատճառն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է խնդիրը, որ պետք է հանձնաժողովը կառավարի։