Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել․ փաստաբանական խումբ

կողմից admin2
Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը ՄԻԵԴ է դիմել՝ նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով։

Պաշտպանները Եվրոպական դատարանից խնդրել են հրատապ միջոց կիրառել և Հայաստանի կառավարությանը պարտավորեցնել անհապաղ ազատ արձակել Խաչատրյանին, ինչպես նաև դադարեցնել նրան պատգարակով շարունակաբար տեղափոխելու պրակտիկան։ Բացի այդ, պահանջվում է վերացնել բացակայելու արգելքը, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար։

Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է և պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ նա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, իսկ բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դեռևս չի ստացել պատասխան։

Փաստաբանական խումբը ՄԻԵԴ-ի ուշադրությունն է հրավիրել նաև Խաչատրյանի առողջական վիճակի վրա։ Պաշտպանների ներկայացմամբ՝ նրա մոտ առկա են ողնաշարի, շաքարային դիաբետի, սրտի և ուսահոդերի հետ կապված խնդիրներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կազմում է 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։

Ըստ փաստաբանական խմբի՝ Խաչատրյանի մոտ դեռևս տարիներ առաջ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային հատվածում տեղադրված իմպլանտի տեղաշարժը, պաշտպանների տվյալներով, շարժումների ժամանակ ուժեղ ցավեր է առաջացնում։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական հետազոտություններով և բազմաթիվ կոնսիլիումների եզրակացություններով։

Պաշտպանները նաև ընդգծում են, որ Խաչատրյանին նախկինում մի քանի անգամ թույլատրվել է արտերկիր մեկնել բուժման նպատակով։ Նրանց փոխանցմամբ՝ նա սահմանված ժամկետներում վերադարձել է Հայաստան և չի խոչընդոտել դատավարական գործընթացներին։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ վիրահատության համար արտերկիր մեկնելու հարցը, ըստ պաշտպանության, շարունակաբար չի լուծվել։

Գագիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ում գործընթացը նոր չէ։ Պաշտպանական խմբի փոխանցմամբ՝ առաջին գանգատը դատարան ներկայացվել է դեռ 2019 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի հիմքով։ 2020 թվականին ՄԻԵԴ-ն արդեն հրատապ միջոց էր կիրառել՝ պահանջելով ապահովել Խաչատրյանի անհրաժեշտ բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode