Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
«Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մտադրության մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։ Ավելին՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ ԵՄ-ի բոլոր հայտարարություններին։ Դրանց 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չտեսնել այդ ռիսկերը», — նշել է Գրուշկոն։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեն պատմական երկկողմ կապեր, բազմաթիվ պետություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամներ են, ինչպես նաև իրականացվում են մեծ թվով համատեղ ծրագրեր, որոնք կապում են այդ երկրները։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն դիրքորոշումից, որ «որքան քիչ լինի տարածաշրջանին չպատկանող երկրների ազդեցությունը, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն ծագող բոլոր խնդիրները։