41
ՀՀ կառավարությունը ռիսկեր է ստեղծել մեր ամբողջ տնտեսության, տնտեսվարողների համար հատկապես այն շրջանում, երբ ԵԱՏՄ–ն արագ զարգացում է ապրում,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Հանձնաժողովն այսօր քննարկում էր ԵԱՏՄ–ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացման հարցը։
«Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, չէր կարող Ինդոնեզիայի հետ առանձին ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել»,– ընդգծել է Ղազարյանը։
Նախորդ տարի ԵԱՏՄ–ն վավերացրեց Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ընդ որում ՀՀ–ն միակ երկիրն է, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման, որը հիմա, ըստ Ղազարյանի, ՀՀ կառավարությունը վտանգել է։
«Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Աստված չանի, իրականություն դառնա, որը մենք ամեն կերպ կխափանենք, Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանին կնշանակի այդ հատվածից փակել Երևան–Մեղրի միջպետական ճանապարհը և այդ հսկայական շուկայի հնարավորություններն ու հասանելիությունը»,– հայտարարել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ–ն հիմա շատ արագ հարաբերություններ է զարգացնում Հնդկաստանի, Չինաստանի հետ, իսկ ՀՀ կառավարությունն ինքն ի վիճակի չէ ինքնուրույն հարաբերություններ զարգացնել այդ երկրների հետ, և ԵԱՏՄ–ն դա ինքն է անում իր գործիքակազմով։
ՔՊ պատգամավոր Արամ Խաչատրյանին դուր չեն եկել Ղազարյանի խոսքերը, նա կոչ է արել Էդգար Ղազարյանը չգալ հանձնաժողովի նիստերին այն դեպքում, որ Ղազարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։