Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։ Նշվում է, որ այս մտքի հեղինակը եկեղեցու դեմ արշավին միացած, տիրադավ անունը ստացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է, ով ֆակուլտետի նախկին դեկանն է։ Նրա միտքը, ըստ լրատվամիջոցի, իրականություն է դարձրել Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը։
Aysor.am-ի հետ զրույցում Պարգև Բարսեղյանը չի ցանկացել այս թեմայի շուրջ խոսել։
«Ես դրանք չեմ մեկնաբանում, ես հիմա զբաղված եմ, ամեն մեկի մտքի թռիչքը չեմ մեկնաբանի»,- ասել է նա։
Ճշտող հարցին՝ այսինքն չի էլ հերքո՞ւմ՝ Բարսեղյանն արձագանքել է. «Ուղղակի չեմ մեկնաբանում»։
Aysor.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Երևանի պետական համալսարանից։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը խոստացել է պարզաբանում ուղարկել, հետո, սակայն, ասել է, թե սպասում է՝ ամբիոնի վարիչի հետ զրուցի, նոր մեկնաբանություն տա, այն էլ ամբիոնի վարիչին այդպես էլ չի գտել ու կապի դուրս չի եկել։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը թափուր է ու մրցույթ չի հայտարարվում։
2025 թվականի հուլիսի 11-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ազատվել էր Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից։ Ժամկոչյանի հեռացումից հետո մեկ անգամ դեկանի ընտրության մրցույթ է կազմակերպվել, բայց չի կայացել, որովհետև այդ պաշտոնի համար դիմողներ չեն եղել: