22
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Միրզոյանի հետ մի շարք հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում են ունեցել Բիշքեկում։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Հայաստանից տարբեր ազդանշաններ է ստանում հանրաքվե անցկացնելու և Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, սակայն Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում. սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանցի նախարարը պնդում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո գործընթացն ավարտելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն իր կողմից կարևոր քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։
Սահմանազատման գործընթացին անդրադառնալով` նա հաստատել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
«Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում», – ասել է Բայրամովը։
Նշենք, որ Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել երկու երկրների պատվիրակությունների` Ղրղզստան կատարած այցի ժամանակ։ Այնտեղ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևի հանդիպումը։