Հայաստանն առաջիկայում չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա, մյուս կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները չեն բխում երկկողմ բարեկամական հարաբերություններից և հակասում են ԵԱՏՄ էությանը, քանի որ միությունը ենթադրում է ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժ:
Նրա խոսքով՝ հայկական կողմը, իհարկե, ուսումնասիրում է բարձրացված հարցերը, այն, թե հայկական որ ապրանքները չեն համապատասխանում չափանիշներին։
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների գործընթացը շարունակվում է։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտարարել էր, որ Հայաստանը բողոք է ներկայացրել ԵԱՏՄ-ին՝ կապված Ռուսաստան ապրանքների ներմուծման սահմանափակումների հետ: