Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների, Իսպանիայի, Չեխիայի և Էստոնիայի դեսպանությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են, իրենց գնահատմամբ, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների խախտումները և իշխանության՝ մեկ անձի շուրջ կենտրոնացման գործընթացը։
Միջազգային գործընկերներին ներկայացվել են նաև ընդդիմության նկատմամբ իրականացվող, խմբակցության գնահատմամբ, համակարգային քաղաքական հետապնդումներն ու ճնշումները։ Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող գործընթացներին։
Խմբակցության ներկայացուցիչները նշել են, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերն օգտագործում է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի նպատակով։ Նրանց պնդմամբ՝ նպատակը ընդդիմադիր առաջնորդների չեզոքացումն է՝ Ադրբեջանի հետ բանակցությունների և հնարավոր զիջումների նախաշեմին։