Ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերման և ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմաներին անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ իրենց գնահատմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան շարունակում է առաքելություն ունենալ, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում այն Հայաստանից դուրս բերելը կարող է նոր անվտանգային ռիսկեր առաջացնել։
«Մենք գտնում ենք, որ այդ ռազմաբազան Հայաստանում ունի առաքելություն: Հայաստանին անպաշտպան թողնել Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ արկածախնդրություն է մեզ համար: Դա նոր անվտանգային սպառնալիքներ կբերի մեր երկրի համար, և չպետք է այդ ուղղությամբ ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի ճանապարհով գնալ»,- ասել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար այլընտրանք է դառնում ԵՄ-ին անդամակցելու ուղղությունը, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո, ըստ Սաղաթելյանի, անվտանգության ոլորտում այլընտրանքային ուղղությունը ՆԱՏՕ-ն է։