«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս գործը որևէ հիմք չունի։ Եվ նույնիսկ լավ է, որ գործը հասել է դատարան։ Վստահ ենք, որ դատարանը կապացուցի մեղադրանքների ամբողջ անհիմն լինելը», — Sputnik Armenia -ի հետ զրույցում ասել է Հայկական «Սպայկա» ընկերության թոփ-մենեջերներից Կարեն Բաղդասարյանը։
Ներկայում «Սպայկայի» կողմից Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն ամբողջությամբ դադարեցված է՝ ռուսական հայտնի սահմանափակումների պատճառով։ Ընկերությունն աշխատում է արտաքին շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ հիմնական շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի շուկաների վրա։
Միաժամանակ ընկերության թոփ-մենեջերը խոստովանեց, որ ռուսական շուկայի կորստի հետևանքով ընկերությունը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի՝ Հայաստանում պտուղ-բանջարեղենային արտադրանքի խոշորագույն արտահանողի ռուսաստանյան «դուստր» ընկերության համապատասխանաբար հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գլխավոր տնօրեն Արայիկ Սարուխանյանի գործով հեռակա դատավարությունը։ Ձեռնարկատերերին մեղադրում են կեղծ պայմանագրերով Ռուսաստանից մոտ 44 մլրդ ռուբլի դուրս բերելու, 5 մլրդ ռուբլու ԱԱՀ-ի վճարումից խուսափելու և միջոցների լեգալացման (օրինականացման) մեջ։