ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ գործարքի չի գնա ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մարտի 1-ի» գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Սա նախագահի 4-րդ կալանքն է։ Սա էլ վառ ապացույցն է, որ սրանց հետ որևէ գործարքի չի գնա։ Արդեն կալանավորված եղել է ամիսներ շարունակ, նույնիսկ 1 տարուց ավելի։ Ամսվա, օրվա հաշվարկներից նախագահը չի ընկճվում։ Լինելու է պայքար, չնայած, որ դժվար է՝ մեկ ընտանիքից 2 անձ արդեն կալանքի տակ է, «ստալինյան» ոճի մեջ է։ Հատուկ տրագիկ բան չկա, տրագիկ բաներ պետության հետ են տեղի ունենում։ Նստացրե՞լ ես Քոչարյանին` դինջացի, արդեն ԱԱԾ պադվալում է, անցի գործերիդ, բազմաթիվ խնդիրներ կան երկրում»,- ասել է Միկոյանը։
Նա պնդել է՝ եթե որևէ փոխզիջում եղած լիներ, ապա արդեն 4-րդ կալանքը չէր լինի նրա նկատմամբ կիրառված։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։