Հացադուլ՝ 3 երեխաներին վերադարձնելու պահանջով

կողմից admin1

39-ամյա Հովհաննես Հայրապետյանն անժամկետ հացադուլ է հայտարարել և նստացույց սկսել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության (ԱԳՄԱՆ) շենքի մոտ։ Նա պետական կառույցներից աջակցություն է պահանջում 3 անչափահաս երեխաներին վերադարձնելու հարցում, որոնց, նրա խոսքով, կինը երկրից տարել է առանց իր իմացության։ Այս մասին Հայրապետյանը պատմել է Sputnik Արմենիային։

Տղամարդու խոսքով՝ երեխաները մոր հետ Հայաստանից հեռացել են սեպտեմբերի 7-ի գիշերը և ներկայում Մոսկվայում են։ Սահմանը հատելու մասին հայրն իմացել է նրանց մեկնելուց հետո։ Ավելի ուշ ոստիկանությունից գրավոր հաստատում է ստացել երկրից երեխաների մեկնելու վերաբերյալ։

Հայրապետյանը պատմեց, որ կնոջ հետ չգրանցված ամուսնությամբ ապրել է շուրջ 15 տարի։

Հայրապետյանի խոսքով՝ սեպտեմբերի 6-ին՝ կեսօրին մոտ, ինքը տնից դուրս է եկել ու գնացել Լուսակերտ՝ ընկերոջը տեղափոխվելու հարցում օգնելու։ Մոտավորապես ժամը 16:00-ին նրան զանգահարել են ոստիկանության Ավանի բաժնից և սկսել ճշտել գտնվելու վայրը։ Կնոջ, երեխաների և աներոջ հետ, որն այդ օրերին Հայաստանում էր, կապ հաստատել չի հաջողվել։

Ավելի ուշ Հայրապետյանը ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ իմացել է, որ իր դեմ հոգեբանական ու ֆիզիկական բռնության մասին դիմում է ներկայացվել։ Տղամարդը հերքում է այս մեղադրանքները և պնդում, որ երբեք ֆիզիկական ուժ չի կիրառել կնոջ նկատմամբ։

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ էր համաձայնել ժամանակավոր սահմանափակումների, այդ թվում՝ տանն ու երեխաներին չմոտենալուն, եթե դա թույլ կտար նրանց թողնել Հայաստանում՝ մինչև ընտանեկան տարաձայնությունների լուծումը։

«Պատրաստ էի նույնիսկ պարտավորագիր ստորագրել տանն ու երեխաներին չմոտենալու, ժամանակավորապես ընկերներիս, հարազատներիս տանը կամ նույնիսկ կացարանում ապրելու, միայն թե երեխաները Հայաստանում մնային մինչև հարցի սահմանված կարգով լուծումը»,–ասաց Հայրապետյանը։

Տղամարդուն չեն ձերբակալել։ Ոստիկանություն այցելելուց հետո նա վերադարձել է տուն, սակայն այնտեղ ոչ ոքի չի գտել։ Ենթադրելով, որ երեխաներին պատրաստվում են դուրս բերել երկրից, Հայրապետյանը գնացել է «Զվարթնոց» օդանավակայան և դիմել այնտեղ գտնվող ոստիկանության բաժին։ Սակայն, նրա խոսքով, երեխաները մեկնել են ժամը 02:45-ին, և նրանց մեկնումը կանխել չի հաջողվել։

Հայրապետյանը կարծում է, որ կնոջ որոշման վրա կարող էր ազդել վերջինիս մայրը։ Նա նաև ենթադրում է, որ կինը կարող էր դեղամիջոցների ազդեցության տակ լինել` առանց ներկայացնելու այս վարկածի հիմնավորումները։

Հայրապետյանի հիմնական պահանջը երեխաներին Հայաստան վերադարձնելն է։ Նա պնդում է, որ երեխաների բնակության վայրի, ինչպես նաև ծնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հետագա հարցերը պետք է լուծվեն օրենքով սահմանված կարգով։

«Թող վերադառնան Հայաստան և որտեղ ուզում են, ապրեն, բայց լինեն հայրենիքում։ Այն ժամանակ ես հանգիստ կլինեմ։ Իսկ հետո արդեն դատարանը կարող է վճռել ծնողների իրավունքների ու պարտականությունների հարցերը»,-ասաց նա։

Հայրապետյանը հատկապես մտահոգ է ավագ որդու համար, որի մոտ, նրա խոսքով, աուտիզմ է ախտորոշված։ Նա պնդում է, որ երեխան շատ է կապված իրեն և ծանր է տանում միջավայրի կտրուկ փոփոխությունը։

Հայրապետյանի խոսքով՝ ինքն ակտիվորեն մասնակցել է երեխաների առօրյային․ նրանց տարել է դպրոց, մասնակցել ծնողական ժողովներին, զբաղվել է ավագ որդու բժշկական փաստաթղթերով, համագործակցել է սոցիալական ծառայությունների հետ և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը։

Տղամարդը նաև մտավախություն ունի, որ տեղափոխության պատճառով կարող են բարդություններ առաջանալ երեխաների ուսման հարցում։ Նրա խոսքով՝ երեխաները բավարար չափով չեն տիրապետում ռուսերենին, թեև գիտեն անգլերեն։

Հայրապետյանը կարծում է, որ նման ընտանեկան խնդիրների դեպքում պետությունը պետք է հաշվի առնի երկու ծնողների իրավունքները և առաջին հերթին՝ երեխաների շահերը։ Նրա կարծիքով՝ պետք է նախատեսել մեխանիզմ, որը ծնողների միջև լուրջ տարաձայնությունների դեպքում թույլ կտա ժամանակավորապես սահմանափակել անչափահասների ելքը երկրից՝ մինչև հանգամանքների պարզումը։

Սեպտեմբերի 16-ին Հայրապետյանը երեխաների մեկնման հարցով դիմում է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։ Ընդ որում, գերատեսչության աշխատակիցներն արդեն զրուցել են նրա հետ, փորձել հասկանալ իրավիճակը, օգնություն ցուցաբերել և համոզել դադարեցնել հացադուլը։

Հայրապետյանը հայտարարել է, որ մտադիր է շարունակել հացադուլը, քանի դեռ պետական կառույցները քայլեր չեն ձեռնարկել երեխաներին վերադարձնելու ուղղությամբ։ Այսկերպ նա ակնկալում է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա և հասնել իշխանությունների ավելի արագ արձագանքին։

Focus Mode