ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը չդադարեցվեց։
Մինչ այդ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումը։
«Յուրի Խաչատուրովը միջազգային կազմակերպության բարձրագույն պաշտոնյա էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ու այդ կազմակերպության կողմից օժտված էր անձեռնմխելիությամբ։ Յուրի Խաչատուրովը չէր կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ անձեռնմխելիությունը միայն ՀՀ-ն չի տրամադրել, այլև բոլոր պետությունները միաժամանակ։ Պաշտպանական կողմը անհրաժեշտ է համարում հստակ հերքել մեղադրանքի կողմից հնարավոր առաջ քաշվող այն պնդումը, թե Խաչատուրովը,հանդիսանալով ՀՀ քաղաքացի, քրեական հետապնդման հարուցման պահին գտնվելով ՀՀ-ում, ֆիզիկապես չի իրականացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ուստի չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից։ Սույն պնդումը հակասում է միջազգային իրավունքների սկզբունքին»,- նշել է Պողոսյանը՝ պնդելով, որ այդ իմունիտետը կապված չէ անձի գտնվելու վայրից կամ կոնկրետ աշխատանքային գործունեության պահից, քանի որ նա միևնույնն է այդ պաշտոնում է։
Դատախազը շեշտեց, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ ու ազդում է միայն աշխատանքային գործունեության պահին, ինչը չի եղել Յուրի Խաչատուրովի դեպքում։