171 միլիոն 240 հազար դրամ է Երևանի քաղաքապետարանը տրամադրել ընդդիմադիր նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հրատապ բաց մրցութային ընթացակարգով պայմանագիրը կնքվել է «Բիդեք» ՍՊ ընկերության հետ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության սեփականատերը Դավիթ Սեդրակյանն է՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր։ «Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ ընկերության սեփականատերը եղել է Գառնիկ Ավետիսյանը, որը Դավիթ Սեդրակյանի հոր՝ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մտերիմ ընկերն է։ Չնայած դրան՝ ընկերությունը պատկանել է Մհեր Սեդրակյանին, սակայն գրանցված է եղել ընկերոջ անունով։
Այս ընկերության հետ պարբերաբար խոշոր պայմանագրեր են կնքվում պետական մակարդակով, և ընկերությունը ստանում է խոշոր չափի գումարներ
Այս անգամ քաղաքապետարանի կնքած պայմանագիրը վերաբերում է մեծ աղմուկ բարձրացրած Աղի լճին։
Տեղեկանում ենք, որ պայմանագրով նախատեսված է Էրեբունի վարչական շրջանի Աղի լճի տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Օրերս ահազանգեր են հնչել, որ լճի տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվում, սակայն քաղաքապետարանից հերքել էին այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ շինարարական աշխատանքներ են իրականացվում։
Պայմանագրում առկա տվյալների համաձայն՝ նախատեսված են հողային աշխատանքներ, ավտոկայանատեղիի նորոգման և/կամ կառուցման աշխատանքներ, տուֆապատման, լողափի բարեկարգման, գծանշման, հանդերձարանների կառուցման և այլ աշխատանքներ։