ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին
Հիշեցնենք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթգծի վերանորոգման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը: Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև թուրքական սահման 12,4 կմ հատվածի մասին է:
Մայիսին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթուղային հատվածների վերակառուցումը։
Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:
Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։