«Նման հանդիպում նախատեսվել էր ժամանակին, երբ դեռ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր, պարոն Հաջիևը եկել էր, հանդիպում էր կայացել Դիլիջանում։ Չեմ բացառում, որ նման այց կանեմ նաև ես, որևէ ժամկետ, որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել,- Հաջիևի հետ հանդիպումից հետո լրագրողի «Ադրբեջան այց կունենա՞» հարցին ,- պատասխանել Ալեն Սիմոնյանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպման գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է ԱԽՔ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Բիշքեկում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ի՞նչ օրակարգ են քննարկել։
Նա շարունակել է. «Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ ներկա լինելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, անձամբ շփվելով Հաջիևի հետ, տեսնում եմ, որ Ադրբեջանը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է, անում է, որը ինքը կարող է թույլ տալ։ Պարզ է՝ մենք ունենք հարցեր, որոնք բարձրացնում ենք, լուծման խնդիր կա, մասնավորապես այնտեղ պահվող անձանց վերաբերյալ, անհետ կորածների հետ կապված։ Բոլոր հարցերի շուրջ քննարկում է եղել, համաձայնություն է ձեռք բերվել շարունակել խորացնել, նոր մեխանիզմներ դնել, որպեսզի այդ հարցերը, որոնք դեռ լուծում չեն գտել, լուծում գտնել»։
Հարցին՝ առաջիկա Ադրբեջան այց կունենա՞, նա պատասխանեց. «Նման հանդիպում նախատեսվել էր ժամանակին, երբ դեռ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր, պարոն Հաջիևը եկել էր, հանդիպում էր կայացել Դիլիջանում։ Չեմ բացառում, որ նման այց կանեմ նաև ես, որևէ ժամկետ, որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»։
Ալեն Սիմոնյանն ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 13-ին: Սա նրա պաշտոնական առաջին հանդիպումն էր: