Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը քաղաքական որոշման հետևանք է․ «Արցախ միություն»

կողմից admin2

«Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելու պահանջը միջազգային ստանդարտներից չի բխում։ Դա ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման և նոր օրենքի հետևանք է»։ Այս մասին հայտարարել է «Արցախ միությունը»՝ արձագանքելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանմանը։

«Ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել»,- ասված է միության հայտարարության մեջ։

Կազմակերպության փոխանցմամբ՝ նախկին օրենքը հնարավորություն էր տալիս որպես ծննդավայր նշել միայն բնակավայրի անունը՝ Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան կամ Մարտակերտ՝ առանց պետության անվանման։

«Ադրբեջան» գրառումը վերացնելու և նախկին հնարավորությունը վերականգնելու պահանջով միությունը դիմել է ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին։

Հարցին անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հայտարարելով, որ թույլ չի տա իր նոր անձնագրում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշվի։

«Թե ինչպես թույլ չեմ տալու, դա արդեն իրավական տեխնիկայի հարց է»,- ասել է Բեգլարյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode