Արցախցիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ազգային ժողովի դիմաց։
Նրանք պահանջում են ԱԺ խմբակցություների ղեկավարների հետ հանդիպում, ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումների նշանակում, ինչպես նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցալական հարցերի և բնակապահովման ծրագրի հետ կապված հստակ լուծումներ։
«Մենք ստիպված ենք գնալ այս քայլին։ Այսօր արցախցիները կարգավիճակ չունեն, մեզ անվանում են ԼՂ–ից տեղահանված ժողովուրդ, բայց չեն ասում՝ ինչի՞ց տեղահանված, ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրապնդել անունով` բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այդ իրավիճակի զոհ դարձած։ Մեր կարգավիճակը օրենքին համապատասխան հստակ անուն պետք է ունենա»,–հայտարարեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն արցախցիների դարավոր ժառանգությունը միջազգային հանրությանը աղվանական է ներկայացնում, իսկ Հայաստանում արցախցիներն անգամ կարգավիճակ չունեն։
Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ԱԺ-ում օրենքով նախատեսված խորհրդարանական լսումներ նշանակել, հրավիրել ԱԺ խմբակցություների ղեկավարներին, որպեսզի իրենք իրենց պահանջները հստակ ներկայացնելու հնարավորություն ունենան։
Իսրայելյանի խոսքով` շատ կարևոր է սոցիալական ծրագրերում մտցնել այնպիսի փոփոխություններ, որ ամեն 6 ամիսը մեկ արցախցիները ստիպված չլինեն բողոքի ակցիա իրականացնել։
«Մենք պահանջում ենք, որ Արցախում հիմնված ինչ–ինչ կազմակերպությունների սառեցված փողերը բերեն ու արցախցիների բնակարանային հարցերը լուծեն 1-2 տարում»,–ասաց նա։
Անդրադառնալով արցախցիների սոցիալական խնդիրներին՝ ՀԿ ղեկավարը շեշտեց, որ արդեն 3 տարի է՝ մարդիկ չեն կարողանում իրենց բնակարանային հարցերը լուծել։