Վարդան Պողոսյանի կարծիքով` միայն «բարեվարքության ստուգման» մասին դրույթը կարող է ոչնչացնել անկախ դատական համակարգը։ Նրա խոսքով` Սահմանադրության նոր նախագիծը, որը որևէ լուրջ սահմանադրական պահանջ չի բավարարում։
ՀՀ նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը կարող է ճանապարհ հարթել բռնապետության հաստատման համար և միաժամանակ խարխլել Հայաստանի Հանրապետության լեգիտիմության հիմքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գործող Սահմանադրության հեղինակներից մեկը՝ իրավագետ Վարդան Պողոսյանը։ Նախատեսված փոփոխությունները, ըստ Պողոսյանի, կարող են հանգեցնել դատական իշխանության անկախության վերացմանը և այն ամբողջությամբ ենթարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողությանը։
Նշենք, որ այսօր հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, որում հղում չկա Հայաստանի Անկախության հռչակագրին: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կապահովի երկրի կենսունակությունը աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Փաշինյանի կարծիքով` Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ–ին սպառնում են պատերազմով։
«Անկախության հռչակագրին հղման բացակայությունն անակնկալ չէր, ինձ համար անակնկալ է այս դիկտատորական Սահմանադրության նախագիծը, որն ըստ էության դատական իշխանությունը վերացնում է և դարձնում գործադիր իշխանության կամակատարը՝ առնվազն հինգ տարիների ընթացքում։ Հիմնական իրավունքների գլխում աննախադեպ նահանջներ կան, նաև օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից՝ անփութություն։ Մենք ունենք Սահմանադրության նախագիծ, որը որևէ լուրջ սահմանադրական պահանջ չի բավարարում»,– ասաց Պողոսյանը։
Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու հնարավորությանը՝ Պողոսյանը նշեց, որ նախագիծն ուղղակիորեն նման լիազորություն չի վերապահում իշխանությանը։ Սակայն նրա կարծիքով՝ դատական համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատումը կարող է անուղղակիորեն նման հնարավորություն ստեղծել։
«Եթե դատական իշխանությունն է վերջնականում որոշում կուսակցությունների արգելքի հետ կապված հարցերը, իսկ դատական իշխանությունն արդեն Սահմանադրությանը համապատասխան ուղղակիորեն գտնվելու է իրենց վերահսկողության տակ, ապա, բնականաբար, ցանկացած կուսակցության կարող են հանգիստ արգելել գործել»,– նշեց սահմանադրագետը։
Չնայած դատական համակարգի վերաբերյալ իր քննադատությանը՝ Պողոսյանը նոր Սահմանադրության նախագծի ամենակարևոր քաղաքական փոփոխությունը համարեց նախաբանից Անկախության հռչակագրի հղման հեռացումը։ Նրա համոզմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է Ադրբեջանի պահանջներով, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը հարևան պետության հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման դարձնելն անընդունելի է։«Իրականում մենք գործ ունենք Ալիևի և Փաշինյանի Սահմանադրության հետ։ Ալիևի Սահմանադրության հետ՝ այն առումով, որ Հայաստանի Սահմանադրության նախագիծը կատարում է Ալիևի ամենագլխավոր պահանջը՝ մեր երկրի անկախության հիմնասյունը հանելու առումով, և Փաշինյանի Սահմանադրության, որն ըստ էության իր դիկտատորական կառավարումը հիմա դարձնում է Սահմանադրությանը համապատասխանող կառավարում»,– ընդգծեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ հռչակագիրը Հայաստանի անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթն է, և դրան հղումը հեռացնելը կարող է հարցեր առաջացնել Հայաստանի պետականության պատմաիրավական շարունակականության վերաբերյալ։ Այս համատեքստում նա առանձնացրեց նոր նախագծի առաջին հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, ինչպես նաև սահմանվում են պետության հիմնադրման նպատակները։
Սահմանադրագետի մեկնաբանությամբ՝ նման ձևակերպումը կարող է տպավորություն ստեղծել, թե նոր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը նորից է հիմնադրվում՝ անկախության հռչակմամբ ձևավորված պետականության շարունակականությունն ընդգծելու փոխարեն։ Պողոսյանը դա կապեց նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն գնահատականների հետ, որոնցում վարչապետը 1990 թվականին ձևավորված հանրապետությունը բնութագրել է որպես կոնֆլիկտային։
Նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կարգավորմանը սահմանադրագետը համեմատաբար փոքր նշանակություն է տվել։
Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։ Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։
Պողոսյանը բացատրեց, որ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորել օրենքով՝ դա թողնելով Ազգային ժողովի հայեցողությանը, մինչդեռ նոր նախագծով նման օրենսդրական կարգավորումը պարտադիր է դառնում։
«Դա շատ էական չէ։ Ըստ էության դարձրել են պարտադիր, որ դա օրենքով պետք է կարգավորվի։ Այսօրվա Սահմանադրությունը ֆակուլտատիվ էր դա նախատեսում, այսինքն՝ Ազգային ժողովի հայեցողությունն էր՝ օրենքով կարգավորելու, թե չկարգավորելու»,– պարզաբանեց Պողոսյանը։
Միևնույն ժամանակ հավելեց, որ «Հայաստանի հանրապետության և հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2006 թվականին, հետևաբար, այդ փոփոխությունն ինքնին նոր իրավական իրավիճակ չի ստեղծում։
ենք ունենք Սահմանադրության նախագիծ, որը որևէ լուրջ սահմանադրական պահանջ չի բավարարում․ Վարդան Պողոսյան
28