20
ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Փոխհատուցման տրամադրման չափը գնահատվել է շուրջ 3 մլրդ 972 մլն դրամ։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ.
Խնձորի, տանձի, խաղողի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ
Սալորի, դեղձի, նեկտարինի, թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ
Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ
Շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 դրամ
Շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ
ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 75 դրամ
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ
Չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ
Իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ
Թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ
«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»,– կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով, շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ և այլն։ Արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս. եթե 2025 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 39 մլն հատ ծաղիկ, ապա այս տարի նույն ժամանակահատվածի տվյալներով` 30 մլն 100 հազար հատ։