Ախուրյանի նախկին համայնքապետի հողահատկացումը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Շիրակի մարզային քննչական վարչությունում ուսումնասիրություն է իրականացվում Ախուրյանի նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանի կողմից կատարված հողահատկացումներից մեկի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։
Ըստ հրապարակման՝ խոսքը Ախուրյանի համայնքում գտնվող «Մայր Հայաստան» կոթողին հարակից պուրակի տարածքի մասին է։ Նշվում է, որ 1998 թվականին համայնքապետի որոշումներով 290 քմ մակերեսով հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության է տրամադրվել Ախուրյանի բնակչուհի Ա․Ս․-ին, իսկ 2008 թվականին այն օտարվել է նույն անձին։
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այս տարվա հունիսին համայնքային ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացվել են ստուգողական գործողություններ։ Հուլիսի 27-ին ոստիկանության ավագ ծառայողներից մեկը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հնարավորության վերաբերյալ։
Նյութերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Արծրուն Իգիթյանը Ախուրյանի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-2023 թվականներին։ 2023 թվականի հուլիսին նա հրաժարական է ներկայացրել՝ այն պայմանավորելով առողջական խնդիրներով։