Բաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, դրա տեսականու ընդլայնման և նոր վերգետնյա տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում «ՇՀԿ+» ձևաչափով նիստում։
«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, դրա տեսականու ընդլայնման և նոր վերգետնյա տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ», – ասել է Ալիևը։
Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 40 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվել նավթամթերքներ՝ շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։
Ղրղզստանն այս տարի ստանձնել է Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը և ընդունում է գագաթնաժողովը։
ՇՀԿ-ի և «ՇՀԿ+» ձևաչափի միջոցառումներին մասնակցում են 17 երկրների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Միջոցառումներն անցկացվում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ։