Երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը

կողմից admin2

«Առողջապահական հասանելիությունն ապահովելու նպատակով իշխող ուժը ներդրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը նաև դեղերի շուկային է վերաբերում»,-ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասել է հարակից զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Համակարգի ներդրումն ինքնին առանց որևէ լրացուցիչ քայլերի մղում է դեղագործական ընկերություններին գալ Հայաստան, գրանցել իրենց դեղերը, մատակարարել դրանք, վերանայել իրենց գնային քաղաքականությունը, որովհետև ունենք կանխատեսելի գնման շրջանակ։ Պետությունը ստեղծել է ապահովագրական համակարգ, որը նաև ամենակարևոր երաշխիքն է, որ դեղորայքը հասանելի է քաղաքացիներին։ Ձեր նշած ցանկության իրականացումն այս նախագծով հնարավոր չէ»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ, ներկայացված նախագծով առաջարկածն այսօր արդեն կարգավորված է։

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը։ Ըսը նախագծի, ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից գրանցված ու ԵՄ անդամ պետություններում շրջանառվող դեղերը պետք է փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն Հայաստանի ռեեստրում։ Առաջարկվում է օրենքը համալրել «ճանաչման գրանցում» և «թղթային փորձաքննություն» հասկացություններով։ Ճանաչման գործընթացի ներդրմամբ, ըստ Հարություն Հարությունյանի, ոչ միայն պետական բյուջե մուտքերը կավելանան, այլ նաև գրանցված դեղերի քանակը կմեծանա, ինչը կհանգեցնի ոչ միայն դեղերի ֆիզիկական մատչելիության ապահովմանը, այլ նաև՝ գնիջեցմանը։

Հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով՝ լրամշակելու նպատակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode