Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

կողմից admin

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France 24-ը։

Դատախազի տեղակալի խոսքով՝ այս պահին միջադեպը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական բնույթ չունի։

«Այս պահին մենք գործ չունենք ահաբեկչական դրդապատճառի հետ, սակայն հետաքննությունը նոր է սկսվում»,– ասել է նա։

Տեղական պաշտոնյա Դեյվիդ Կլավիերի տեղեկացմամբ՝ տուժածներից յոթը ծանր վիճակում են, իսկ երեքը ստացել են թեթև վնասվածքներ։

Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթը, ենթադրաբար, տեղի է ունեցել կռվից հետո։ Կլավիերը նշել է, որ մեքենան «դիտավորյալ մխրճվել է կայարանի դիմացի փողոցում գտնվող հետիոտների մեջ»։

Կասկածյալը Ռուսաստանում ծնված 26-ամյա տղամարդ է։ Ըստ աղբյուրի՝ նա նախկինում հայտնի չի եղել հետախուզական ծառայություններին, իսկ ոստիկանությանը հայտնի է եղել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով։

Միջադեպից հետո տղամարդը դիմել է փախուստի, սակայն ավելի ուշ ձերբակալվել է Ուիստրեամում, որը Կանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա է։

Նախնական տեղեկություններով՝ զոհվածներն ու տուժածները 17-40 տարեկան տղամարդիկ են։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննությունը շարունակվում է։

Focus Mode