Սիսիանում զոհված պայմանագրային զինծառայող 23-ամյա Դիմիտրի Համբարձումի Կյուրեղյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է։ Գյուղացիները չգիտեն՝ իրականում ինչ է կատարվել, ինչ հանգամանքներում է երիտասարդը զոհվել, շրջանառվող խոսակցություններն են լսել, որ վիճաբանություն է եղել, որից հետո նռնակ է պայթել։ Մեզ հետ զրույցում նշում են՝ նա այնքան դաստիարակված է, շնորհքով , որ վստահորեն կարող են ասել՝ երբեք կռիվ ու վեճ չէր հրահրի։
Ըստ գյուղացիների, Դիմիտրին երեք երեխաներից միջնեկն է․ ունի մեկ քույր, մեկ եղբայր, մեծը՝ քույրն է, որն ամուսնացած է ՌԴ-ում, իրենից փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է։ Դիմիտրին իր 23-ամյակը նշել էր օգոստոսի 25-ին։
Գյուղացիների պատմելով, Դիմիտրին երբ ժամկետային զինծառայող էր ու 2 ամիս էր մնացել, որ վերադառնար բանակից, այդ ժամանակ էլ որոշել է իր կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը, սկզբում որպես խաղաղապահ է ծառայել, հետո դարձել պայմանագրային ծառայող։ 2022 թվականից պայմանագրային ծառայության մեջ է։ Գյուղացիների բնութագրմամբ՝ նա յուրահատուկ ընտանիքից է, ծնողներն աշխատասեր մարդիկ են․ հայրն աշխատում է Թալինում՝ քարհանքերում, մայրը՝ Արթիկում՝ սպասարկման ոլորտում։ Երիտասարդին պատրաստվում են հուղարկավորել 44 օրյա պատերազմում զոհված Կարեն Մնացականյանի կողքին՝ զինվորական պանթեոնում, որը գյուղի սկզբնամասում է (տես լուսանկարում)։ Երիտասարդի աճյունն արդեն տեղափոխել են գյուղ, ըստ գյուղացիների՝ նրան կհուղարկավորեն քրոջ՝ ՌԴ-ից վերադառնալուն պես։ «Չենք ուզում հավատալ, որ Դիմիտրին այլևս չկա, շոկի մեջ ենք, նա վիճաբանող տղա չէր, քննությունը կպարզի՝ ինչ է կատարվել, բայց ինչու պիտի խաղաղ պայմաններում զինծառայող զոհվի, ինչո՞ւ, սա աններելի է»,- ասում էին գյուղացիները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am