Հայ գերիներին պահում են լիակատար մեկուսացման մեջ․ Բաքվից՝ անգամ անկախ բժիշկ չկա

կողմից admin2

Բաքվում պահվող հայ գերիները արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն։ Նրանց չեն տեսնում հարազատները, հյուպատոսական աշխատակիցները, անկախ բժիշկներն ու փաստաբանները, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ գերիների պահման պայմանների ամենամեծ խնդիրը նրանց «բացարձակ մեկուսացվածությունն» է արտաքին աշխարհից։ Նրա փոխանցմամբ՝ ներկայում նրանց հետ կապի միակ հնարավորությունը հեռախոսային խոսակցություններն են, սակայն այդ շփումն էլ ամբողջությամբ վերահսկվում է։

Մասնավորապես, հայ գերիներից երեքը կարողանում են զանգահարել մոտ 40 օրը մեկ, իսկ մյուսներին հնարավորություն է տրվում զանգ կատարել շաբաթական մեկ անգամ։ Միաժամանակ, զանգերի հաճախականությունը, ըստ Սահակյանի, միատեսակ չէ և կախված է ադրբեջանական կողմի որոշումներից։

Ավելին՝ հեռախոսային խոսակցությունները վերահսկվում են և կարող են ընդհատվել։ Այսինքն՝ գերիների և հարազատների միջև նույնիսկ այդ սահմանափակ կապը չի իրականացվում լիարժեք ազատ պայմաններում։

Սահակյանը նաև ընդգծել է, որ գերիների առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ անկախ ու օբյեկտիվ տեղեկություն ստանալու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ավելի վաղ նա նշել էր, որ 2025 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանում դադարեցվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը, վերացել է նաև այդ կառույցի միջոցով գերիների վերաբերյալ անկախ տեղեկություն ստանալու հնարավորությունը։

Այս իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, գերիների վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուրը մնում են ադրբեջանական կողմի հաղորդած տվյալները և հարազատների հետ հեռախոսային շփումները, որոնք, սակայն, չեն կարող լիարժեք փոխարինել անկախ տեսակցություններին, բժշկական զննություններին և փաստաբանների հետ անմիջական հաղորդակցությանը։

Սեպտեմբերին Սահակյանը նաև հայտնել էր, որ ՄԻԵԴ է ներկայացվել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մի շարք հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode