Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակվում են ինչպես քաղաքական երկխոսությունը, այնպես էլ գործնական համագործակցության քայլերը։
Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների և հասարակությունների միջև շփումները շարունակվում են, իսկ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն աստիճանաբար տեղափոխվում է գործնական հարթություն։
Ամիրբեկովը նշել է, որ արդեն սկսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները։ Միաժամանակ քննարկվում և մշակվում են տարածաշրջանային կապի ու հաղորդակցության նոր նախագծեր։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ ևս ընդգծվել է առևտրային հարաբերությունների հաստատման, գործարար համայնքների շփումների և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև TRIPP ծրագրի շրջանակում կապակցվածության նախագծերի իրականացման հետագա քայլերը։