Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների դեմ:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:
«Հայաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ և հույս ունի, որ դրանք կհանվեն ԵԱՏՄ շրջանակներում գործող մեխանիզմների միջոցով: Կարևոր են ոչ միայն մեր շփումները Ռուսաստանի հետ, այլև մեր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել նման խոչընդոտները վերացնելու համար, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Հույս ունենք և վստահ ենք, որ այդ մեխանիզմները պետք է աշխատեն խոչընդոտները վերացնելու համար»,- ասել է Գասպարյանը։
Հիշեցնենք՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, սակայն այն բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության առումով։ Նա Փաշինյանին առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցում ընտրության հնարավորություն տալ Հայաստանի ժողովրդին։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել էին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Այս ֆոնին «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։