Գլխավոր ՔաղաքականՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբինյան

ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբինյան

կողմից admin
0 comments

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ներկայումս Հայաստան-Ադրբեջան գործընթացն ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։

Ազգային ժողովի առաջին նիստում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, Ռուբինյանը նշել է, որ թեև գործընթացն ընթանում է ավելի դանդաղ, քան ինքն էր ակնկալում, այնուամենայնիվ վստահ է՝ կարգավորումը մոտ է և ժամանակի հարց է։

«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա՝ նկատի ունեմ նավթամթերքի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,- ասել է Ռուբինյանը։

Գեղամ Մանուկյանը հակադարձել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն առաջ չեն անցել, քանի որ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ պահանջելով փոփոխություններ Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության հետ կապված։

Հիշեցնենք, որ Ռուբինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չի պաշտոնավարի որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ դեռ որոշում չկա, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն