Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու նպատակ է հռչակել, պետության ժողովրդագրական քաղաքականության ամենակարևոր շահառուներից մեկը՝ մայրանալու պատրաստվող կինը, հայտնվում է բյուրոկրատական խնդիրների առաջ։
«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է բազմաթիվ դժգոհություններ մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ուշացումների վերաբերյալ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե խնդիրը շատ դեպքերում ոչ թե ուշացումն է, այլ նպաստի իրավունքի բացակայությունը։
Գերատեսչությունը չի ներկայացրել նաև, թե դիմումների ընդհանուր թվից քանիսն են վերաբերում իրական ուշացումներին, քանիսը՝ նպաստի իրավունքի բացակայությանը, և միջինում որքան ժամանակ է պահանջվում նպաստի հաշվարկից մինչև գումարի փոխանցումը։
Այսպիսով, քաղաքացիների բարձրաձայնած՝ «ինչո՞ւ է մայրության նպաստը ուշանում» հարցի փոխարեն Սոցապը հիմնականում ներկայացնում է՝ «ինչո՞ւ որոշ քաղաքացիներ նպաստ չեն ստանում» պատասխանը։
Պետության առաջնահերթությունների այս հակադրությունն առավել քան ուշագրավ է․ մի կողմից՝ պետական համակարգում աշխատողներին խոշոր պարգևավճարներ են հատկացվում, իսկ վարչապետի մասնակցությամբ հեծանվավազքի ծրագրին ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվում է շուրջ 2 մլն դոլարի դրամաշնորհ, մյուս կողմից՝ երեխա ունենալու և ընտանիքը համալրելու փուլում գտնվող քաղաքացիների համար նախատեսված մայրության նպաստների վճարումը կարող է ձգձգվել կամ ընդհանրապես չիրականացվել։