Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն,ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին առաջարկել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս ապրող ընկերներ կամ հարազատներ ունեցող բնակիչները ժամանակավորապես լքել քաղաքը։
«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և զոհերի մասին, քանի որ մեր քաղաքի վրա հարվածներն ուժգնանում են։ Այսօր դա գոյատևման հարց է»,- ասել է Կլիչկոն։ Նա զգուշացրել է, որ եթե ջրամատակարարման համակարգը խափանվի ռուսական հարձակումների պատճառով, Կիևում կարող է «բավականին լայնածավալ» ճգնաժամ առաջանալ։
Միաժամանակ, Կլիչկոն ընդգծել է, որ լիակատար տարհանման կոչ չի անում։
«Դա Պուտինի նպատակն է։ Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք նրան»,- ասել է Կլիչկոն։ Կիևի իշխանությունները ձմռան համար պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի և խմելու ջրի պաշարներ կուտակում, ասել է քաղաքապետը։ Սակայն, անկախ նրանից, թե որքան լավ են Կիևի իշխանությունները և բնակիչները պատրաստվել, «եթե հակաօդային պաշտպանությունը ձախողվի, մենք կարող ենք հայտնվել ամենավատ սցենարի մեջ», ասել է Կլիչկոն։
Սեպտեմբերից Ռուսաստանն ակտիվացրել է Կիևի վրա հարձակումները։ Հոկտեմբերի սկզբին էլ ռուսական զորքերը սկսել են թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում են Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում թիրախ չէին դարձել։ Թիրախավորվել են նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները։