Խաչը այրել են մաշկից․ Սահակյանը՝ Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին
Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ, ըստ ՄԻԵԴ-ում նրանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի, կիրառվել են կրոնական խորհրդանիշներին ուղղված թիրախավորված գործողություններ։ Նրա խոսքով՝ հայ գերիների մաշկից խոշտանգման միջոցով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը»,– նշել է Սահակյանը։
Նրա փոխանցմամբ՝ խնդիրները չեն սահմանափակվել միայն խաչի խորհրդանիշով։ Թեև հայ բանտարկյալներին տրամադրվել են որոշ սահմանափակ գրքեր, եղել են դեպքեր, երբ արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը։ Սահակյանի խոսքով՝ արձանագրվել են նաև իրավիճակներ, երբ հայ բանտարկյալներին հարկադրել են Ղուրան ընթերցել։
Սահակյանը այս հանգամանքները կապում է հայ գերիների քրիստոնեական ինքնության հետ՝ ընդգծելով, որ Բաքվի բանտերում քրիստոնյա լինելը կարող է նրանց ավելի խոցելի դրության մեջ դնել։
Այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ արտաքին աշխարհի կապը խիստ սահմանափակ է։ Գերիների միակ շփումը արտաքին աշխարհի հետ հեռախոսային կապն է, որը, ըստ նրա, վերահսկվում է և կարող է ընդհատվել։
Այս ֆոնին կրոնական խորհրդանիշների նկատմամբ, ըստ Սահակյանի, նման վերաբերմունքի մասին տեղեկությունները նոր ծանր հարցեր են առաջացնում հայ գերիների պահման պայմանների և նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։