Ուսուցիչները պահանջում են վերանայել կամավոր ատեստավորման կարգը

կողմից admin2

ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները պահանջում են վերանայել և վերացնել կամավոր ատեստավորման գործող մեխանիզմը։ Նրանց խոսքով՝ այն վերածվել է պատժիչ միջոցի, իսկ «կամավոր» անվանումն իրականության հետ կապ չունի։

Ուսուցիչները նշում են, որ դեմ չեն ատեստավորմանը, սակայն դժգոհ են թեստերի բարդությունից, առաջադրանքների բովանդակությունից և դրանց կատարման համար հատկացված ժամանակից։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է նախապես կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, կազմել մասնագիտական չափորոշիչներին համապատասխան թեստեր և անհաջող արդյունքի դեպքում ուսուցիչներին կրկին մասնակցելու հնարավորություն տալ։

Ակցիայի մասնակիցների մեծ մասը տարրական դասարանների ուսուցիչներ են։ Նրանք պնդում են, որ այս տարի թեստերը զգալիորեն բարդացել են․ 40 հարցի փոխարեն ներառվել է 60 հարց՝ ենթահարցերով։

Թիվ 196 դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ տարրական դասարանների ուսուցիչներից պահանջվում է պատասխանել նաև 7-8-րդ դասարանների մակարդակի մաթեմատիկական առաջադրանքների և իրենց դասավանդման ծրագրից դուրս հարցերի։

Ուսուցիչների հետ հանդիպած ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին նրանք հնարավորություն են ունեցել բողոքարկումներ ներկայացնելու։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կքննարկի բոլոր դիմումները, իսկ առարկայական ծրագրերից, ուղեցույցից կամ հրապարակված գրականության ցանկից դուրս առաջադրանքների դեպքում որոշումները կկայացվեն հօգուտ ուսուցիչների։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱԺ-ում կամավոր ատեստավորման արդյունքներին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ ատեստավորմանը մասնակցած 1224 ուսուցիչներից միայն 610-ն է հաղթահարել սահմանված շեմը։ Այսինքն՝ մասնակիցների շուրջ 50 տոկոսն է հաջողել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode