Նախաձեռնությունը Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդինն է։
ՀՅԴ-ից հայտնում են, որ միջոցառման նպատակն է հիշեցնել՝ Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառված բռնությունն ու բռնի տեղահանությունն ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարության ձերբակալություններով։
Դեռևս 2020 թվականին Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման և հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ճնշումների խստացման շրջանում, Փարիզը մարդասիրական օգնություն նախաձեռնեց, իսկ քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն անձամբ մեկնեց Հայաստան՝ հասնելով մինչև Հակարիի կամուրջ՝ աջակցելու շրջափակված արցախահայերին։ Նույն թվականի նոյեմբերին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն Արցախի ժողովրդին շնորհեց Փարիզի պատվավոր քաղաքացու կարգավիճակ՝ վերահաստատելով քաղաքի քաղաքական, բարոյական և մարդասիրական համերաշխությունը։
«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները լոկ բանտարկյալների դեմքեր չեն. դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Ցուցահանդեսը միաժամանակ հիշեցնում է արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։