Վարդենիսում ցորենի բերքի իրացման և գների անկման խնդրին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդրի պատճառներից մեկն այն է, որ գյուղացիները գործում են առանձին-առանձին, ինչի հետևանքով գնորդները կարողանում են տարբեր արտադրողների մոտ տարբեր գներ առաջարկել։ Եթե մեկ գյուղացին չի համաձայնում, գնորդը դիմում է հաջորդին, մինչև գտնում է մեկին, որը ֆինանսական անհրաժեշտությունից ելնելով համաձայնում է ավելի ցածր գնով վաճառել։
«Վարդենիսում ցորենի գներն ամեն օր ընկնում են, քանի որ մարդիկ անջատ են գործում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի առաջարկն է, որ ցորեն արտադրողները հավաքվեն, ընտրեն մեկ ներկայացուցիչ, և վերջինս բանակցի գնորդների հետ՝ ամբողջ համայնքի արտադրանքի համար միասնական գին սահմանելու նպատակով։
Փաշինյանի խոսքով՝ այդ մեխանիզմը կարող է թույլ տալ գյուղացիներին ավելի կազմակերպված ներկայանալ շուկայում և կանխել այն իրավիճակը, երբ առանձին արտադրողի ֆինանսական դժվարությունն օգտագործվում է ցորենի գինը նվազեցնելու համար։