ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպման անցկացումը։ Այս մասին նա խոսել է Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբուհում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը բնութագրել է որպես դրական։
«Պուտինի հետ հրաշալի զրույց ենք ունեցել: Նա ցանկանում է գործարք կնքել, և եթե Զելենսկին նույնպես ցանկանում է, դա շատ լավ կլինի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է նոր ուղիներ որոնել հակամարտությունը կարգավորելու և համաձայնության գալու համար: Թրամփը նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում գործարքի, և հավելել, որ կարևոր է նաև ուկրաինական կողմի պատրաստակամությունը:
Որպես բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտ՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարն առանձնացրել է Մոսկվայի և Կիևի առաջնորդների միջև առկա անձնական լարվածությունը: Միաժամանակ, նա չի բացառել ոչ միայն երկկողմ հանդիպման, այլև եռակողմ գագաթնաժողովի հավանականությունը՝ նշելով մարդկային մեծ կորուստների մասին։