Իշխանության կողմից գործադրված տարատեսակ ճնշումների հետեւանքով Դիլիջան համայնքի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 5 անդամներից միայն երկուսն են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույն կուսակցությունից կրկին ավագանու թեկնածու առաջադրվել։
Այդ երկու անձը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների առաջադրված ցուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանն են։ Մյուսները որոշել են «շառից, փորձանքից, իշխանության զայրույթից հեռու լինել»,- գրում է Հրապարակը:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մի մասը ցանկացել է քաղաքական այս պրոցեսներից հեռու մնալ․ «Հիմա այլ գործերով են՝ այլ զբաղվածություն ունեն, նրանց մի մասն ավելի շուտ էր մանդատը վայր դրել։ Սարգիս Սահակյանն էլ ի սկզբանե ավագանիում չի եղել, հետո է դարձել ավագանու անդամ։ Մեզ մոտ որոշակի խառը փոփոխություններ են եղել։ Նոր առաջադրված ցուցակի երրորդ համարը Նելլի Ամիրյանն է, որն էլի մեր թիմից է, բայց նախկինում չի առաջադրվել»։