Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների միջոցով կներկայացվի Երվանդ Քոչարի գործունեությունը: Կներկայացվեն նաև ժամանակակից նկարիչ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործության մոտիվներով:
Վրաստանի մշակույթի փոխնախարար Նաթիա Շամաթավան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ միասին ծանոթացել են ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին:
Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ, Ազգային պատկերասրահում կկայանա «Քոչար — բազմաչափ հանճար» կատալոգի շնորհանդեսը: Կատալոգը եռալեզու է՝ հրատարակված հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով և ներառում է վերջին տարիներին հայտնաբերված կարևոր արխիվային և նախկինում անհայտ վավերագրական նյութեր:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը։
Aliq.ge