Ռուսաստանը ողջունում և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով Բաքվի և Երևանի՝ ուղիղ երկխոսություն վարելու որոշումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին, և այդ ընթացքում Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ նշանակալի արդյունքներ են արձանագրվել։ Զախարովան նշել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ խաղաղության պայմանագրի, տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման ուղղություններով։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին, եթե նման աջակցությունը պահանջված լինի։