ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի։ Դատարանը Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել Սրբազանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող՝ իր կողմից տարածված տեղեկությունները։
Դատարանի վճռի համաձայն՝ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում Ասատրյանը պետք է «Հայկական ժամանակի» կայքում հրապարակային տեսաուղերձով հերքում ներկայացնի։
Խոսքը 2026 թվականի հունվարի 22-ին «Հայկական ժամանակի» տաղավարում Ասատրյանի տված հարցազրույցի ընթացքում հնչեցված մի շարք հայտարարությունների մասին է։ Դատարանի որոշմամբ՝ հերքման ենթակա են, մասնավորապես, Միքայել Աջապահյանի՝ ահաբեկչությունը խրախուսելու, Հայաստանի Հանրապետության նկատմամբ բանտից սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև կին և աղջիկ ունենալու վերաբերյալ տեղեկությունները։
Բացի հերքումից, դատարանը Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, որպես զրպարտության համար փոխհատուցում սահմանել է 1 միլիոն դրամ։
Դատական հայցը Միքայել Սրբազանը ներկայացրել էր դեռևս մարտին՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ արատավորող տեղեկությունները և բռնագանձել գումար։