Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումին։
Հրապարակին էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարություններից ասել են, որ տվյալ գերատեսչությունների կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում և ուղղորդել են դիմել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն։
Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։
«Ինչո՞ւ հենց Թուրքիայից» հարցին Կիրակոսյանը պատասխանել է՝. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։
Նրա խոսով, գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասել է՝ ոչ։
Ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում։