Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձը։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը։ Նստաշրջանը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Հռչակման հիմքում դրվել էր նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքը, որը կարգավորում էր միութենական հանրապետությունների՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը և նախատեսում էր ինքնավար կազմավորումների կողմից սեփական պետական-իրավական կարգավիճակը որոշելու հնարավորություն։
Սեպտեմբերի 2-ի հռչակումից հետո՝ նույն թվականի դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց անկախությանը։ Դեկտեմբերի 10-ի հանրաքվեից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատեց հանրապետության անկախ պետականությունը։
Սեպտեմբերի 2-ը Արցախյան պատմության կարևորագույն ամսաթվերից մեկն է, որը կապված է 1991 թվականին Արցախի բնակչության կողմից պետական կարգավիճակի հարցի բարձրացման և անկախության գործընթացի մեկնարկի հետ։