ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թերհայտարարագրված շրջանառության դեպք։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Երևանում թանկարժեք բրենդների հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունը վաճառքի մի մասի դիմաց կանխիկ վճարումներ է ընդունել, սակայն համապատասխան ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և այդ գործարքները ամբողջությամբ չի ներառել հարկային հաշվարկներում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը փաստացի իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 մլրդ 460 մլն դրամով պակաս է ներկայացրել։ Պետական բյուջեին պատճառված վնասը, որը ըստ ՊԵԿ-ի, գերազանցում է 1 մլրդ 500 մլն դրամը։
Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները դեպքի շրջանակում իրականացրել են անհետաձգելի քննչական գործողություններ։