«Մեզ տանջել են պատերազմից ի վեր․․․»․ Մարիա Կարապետյանն անդրադարձել է Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին

կողմից admin2

«Բայց այդ ամեն ինչն արել են իրենք․ ինչքա՞ն պետք է դա շարունակվի, ինչքա՞ն պետք է այդ օրենքի, այդ պահանջի խախտումը շարունակվի։ Եվ այստեղ փոխկապակցվածություն կա․ գիտեք, եթե այդ հոգևորականները զբաղվեին իրական խնդիրներով, որոնք կան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսում, այնքան բան կունենային անելու․․․ Այ, օրինակ, այն բոլոր հատկացումները հողային, որոնք կատարվել են Եկեղեցուն՝ այնտեղ եկեղեցի կառուցելու համար, եթե, օրինակ, այդ հարցով զբաղվեին, այլ ոչ թե այդպես մնային այդ տարածքները առանց եկեղեցու կառուցման․․․»,- խորհրդարանում ասուլիսի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանում ձևավորվել է հանձնաժողով, որը զբաղվելու է Եկեղեցու հետ կապված հարցերի քննարկմամբ, իսկ վերջին ասուլիսում վարչապետը հայտարարեց՝ «դանդաղ, համակարգված, միլիմետր առ միլիմետր տանջելով»․ արդյո՞ք իրենց թիմի համար մարդուն այսպես դանդաղ տանջելու տարբերակը քրիստոնեական ու ընդունելի ճանապարհ է։

 

 

«Մեզ տանջել են, մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք համբերատար այդ բոլոր տանջանքների միջով խոնարհաբար անցել ենք։ Գիտե՞ք ինչպիսի խոսույթներ էին զարգացվում մեր նկատմամբ, մեր ընտանիքների նկատմամբ։ Այդ ամեն ինչը համբերատար տարել ենք պատերազմից հետո, և դա ճիշտ էր․ բնականաբար, մարդիկ զայրացած էին, պատերազմի շոկի մեջ էին, տրավմայի, հոգեցնցման մեջ․․․ Դա շարունակվեց մինչև խորհրդարանական ընտրությունները 2021 թվականի, երբ վիճակը նորից նետվեց։ Ընդ որում, մենք անսալով հրաժարականների կոչերին և այլն՝ հրաժարական տվեցինք, խորհրդարանն արձակվեց, տեղի ունեցան ընտրություններ, վիճակը նորից նետվեց, և նա, ով պետք է որոշում կայացներ, որոշում կայացրեց․ ժողովուրդը որոշում կայացրեց։ Այդ որոշման նկատմամբ հարգանք չցուցաբերվեց որոշ ինստիտուտների կողմից, ոչ միայն որոշ հոգևորականների, այլ լիքը տարբեր։ Այդպես շարունակում էին ըմբոստանալ, հյուսվում էին նարատիվներ առ այն, որ ժողովուրդն ի վիճակի չէ ճիշտ որոշում կայացնել, ժողովրդի մտքի որակի մասին էին դատողություններ արվում՝ շատ կոպիտ, և այդ գործընթացը այդպես շարունակվում էր։

Հիշում եք, հրաժարականի պահանջը վերահաստատվեց, այն դարձավ անժամկետ․․․ Ի սկզբանե, գիտեք, նույնիսկ մինչև 21 թվականի ընտրությունները, քաղաքականության մեջ կամ քարոզարշավի մեջ կրոնական կազմակերպությունների ներգրավվածության նկատմամբ կա օրենսդրական արգելք։ Ի՞նչ ենք մենք արել այդ արգելքն ապահովելու համար․․․ Իհարկե, կան մարդիկ, որոնք մեզ քննադատում են, ասում են՝ օրենքի արգելք կա քարոզչությանը, չի կարող հոգևորականը, վեղարը հագին․․․ Ընդ որում, դա չէին անում, իրենք չէին հայտարարում՝ «ես որպես քաղաքացի եմ սա պահանջում», իրենք ասում էին, որ որպես հայ ժողովրդի դարերով պաշտպան․․․ Այսինքն, ասում էին, որ որպես Եկեղեցու ներկայացուցիչ են իրավասու փրկելու ազգին, իրենք չէին ասում՝ «որպես քաղաքացի ենք սա անում»։ Եվ, ընդ որում, այստեղ կա նաև այդ հոգևոր կողմը՝ անեծքներ, նզովքներ․․․ Փոխարենը՝ ի՞նչ դեր պետք է ունենա Եկեղեցին մի ժողովրդի կյանքում, որը պատերազմի միջով է անցել՝ հոգ տանելու, հենարան լինելու մարդկանց համար, այլ ոչ թե նրանց տանջանքը բազմապատկելու, նրանց վերքերը խառնելու, նրանց այդ վերքերը խառնելու միջոցով գործողությունների դրդելու»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode