Պապիկյանն ի վիճակի չէ կառավարել զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերը, կարգավորել անվտանգային հարցերը․ Նարեկ Կարապետյան

կողմից admin1

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պետք է փոխել, քանի որ նա այլևս ի վիճակի չէ կառավարել զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերը, կարգավորել անվտանգային հարցերը, ինչի վկայությունն էր Սյունիքի մարզի Շաքի համայնք ներխուժած ադրբեջանցի զինվորականի դեպքը։

Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանին հատկապես վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ ՀՀ պատկան մարմինները հայտարարում են, թե ադրբեջանցի այդ զինվորականի մասին Ադրբեջանն իրենց տեղեկացրել էր դեռ 5 օր առաջ։

«Բա 5 օր ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում։ Գիտե՞ք` ինչ էր անում նախարարը, ընտրություններ (Լոռիի ՏԻՄ ընտրությունները–խմբ.) էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում Հայաստանի հյուսիսում։ Ձեր համակարգն այնպես է դրված, որ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ընդամենը ընտրական քաղաքական պաշտոն է։ Փոխե՛ք այդ մարդուն. արդեն որերորդ դեպքն է` սպանություններ, ինքնասպանություններ են լինում բանակում…Չի՛ ձգում այդ մարդը, ինքն էլ գիտի, որ չի ձգում, քանի որ այդ պաշտոնում պրոֆեսիոնալ զինվորական պետք է լինի»,– հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode