«Ես ոչ մեկի վրա ոչ հարձակվել եմ, ոչ ծեծել եմ։ Եթե Վարդանովին հարցնեք, ինքն ասի, որ ես իր վրա հարձակվել եմ, ուրեմն կարելի է քննարկել։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ իմ գործողությունները միտված են եղել եւ միշտ են միտված լարվածությունը թուլացնելուն։ Եվ ես խոսում եմ այն պատգամավորների հետ, ովքեր լարվածություն են առաջացնում։ Ես ընդդիմադիրներին մոտենում եմ բացառապես հանգստացնելու նպատակով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին։
Ղալումյանն ասաց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից գոռալով՝ վիրավորական արտահայտություններ են արել, ինչն էլ լարվածությունն ավելացրել է։ Լրագրողների դիտարկմանը, որ ՔՊ-ականներն էլ են գոռալով խոսում, օրինակ, Տարոն Չախոյանը, Վահե Ղալումյանն ասաց․ «Պարոն Չախոյանն այսօր ելույթ ունեցավ, իր ելույթի մեջ ոչ մի վիրավորական բառ չկար։ Բարձր տոնով խոսում է ամբիոնից, բայց ամբիոնից էլի չի կարելի վիրավորել»։